ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Որևէ պաշտոնյայի թերացում, իր առջև դրված խնդիրների չկատարում պետք է ունենա համապատասխան հետևանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է արդյոք, որՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն առաջիկայում ազատվի պաշտոնից։
«Կարող է` հեռացվի, կարող է` չհեռացվի, կարող է` ինքը հրաժարական ներկայացնի, կարող է` շարունակի պաշտոնավարել, բայց քննարկումները, որպես կարոն, ինքնանպատակ չեն լինում, և եթե արձանագրվում է թերացում, պետք է լինեն հետևանքներ»,– ասաց նա։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ԲՏԱ նախարարն առաջիկայում կազատվի պաշտոնից, քանի որ վերջերս հաճախ է սկանդալային պատմությունների կենտրոնում հայտնվում։
Ինչ վերաբերում է երեկ ԱԺ–ում հաշվեքննիչ պալատի զեկույցի քննարկմանը, որի ժամանակ ՔՊ–ական պատգամավորները «նեղն էին գցել» նախարարին, Բաբկեն Թունյանը ասաց, որ արտասովոր ոչինչ չկա. առողջ քննարկում է եղել։
«Եղել են թիրախներ, ժամկետներ, որոնց մեծ մասը չի կատարվել։ ԱԺ–ն այն տեղն է, որտեղ պետք է հնչեն հարցեր` ինչո՞ւ չի կատարվել, ո՞րն է պատճառը, ե՞րբ է նախատեսվում անել... Կան դեպքեր, երբ այդ ուշացումները օբյեկտիվ պատճառներ են ունենում, կան դեպքեր, որ աշխատանքի թերացման հետևանք են, այնպես որ կհասկանանք»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։
Թունյանը վստահեցրեց, որ ԲՏԱ նախարարի պաշտոնում մեկ այլ անձի թեկնածության քննարկում չկա։