ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիությունը սխալ է թույլ տալիս՝ տարիներ շարունակ Թուրքիային ստիպելով սպասել միությանն անդամակցելուն և զուգահեռ Ուկրաինային և Մոլդովային անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը Հունգարիայից վերադառնալուց հետո լրագրողներին հիշեցրել է, որ թեկնածուի կարգավիճակը ԵՄ-ին դեռ չի պարտավորեցնում այդ երկրներին ընդունել որպես միության անդամ:
«Այդ երկրների թվում Թուրքիան չկա։ Դրանից հետո ԵՄ-ն պետք է ինչպես հարկն է գնահատի Թուրքիայի դիրքորոշումը։ Տարիներ շարունակ դռան առաջ սպասեցնել Թուրքիային, որը շատ երկրներից շատ ավելի լավ է պատրաստ ԵՄ-ին անդամակցելուն՝ սխալ է»,-հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով` ԵՄ-ն տարիներ շարունակ «տարբեր պատրվակներով» ձգձգում է Թուրքիայի անդամակցությունը միությանը, թեև ռազմավարական և տնտեսական տեսանկյունից Անկարան վաղուց պատրաստ է դրան, իսկ վերջին տարիներին ակնհայտ է դարձել, թե «որքան կարևոր և ազդեցիկ է Թուրքիան»:
«Ժամանակն է, որ Եվրամիությունն ուղղի այդ սխալը։ Հնարավոր է, որ այդ հարցը բանակցությունների սեղանի շուրջ այլ կերպ քննարկվի, և կարող են նոր քայլեր ձեռնարկվել ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ժամանակ»,-նշել է Էրդողանը։
Հունգարիան ԵՄ խորհուրդը կգլխավորի 2024 թվականի հուլիսի 1-ից։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ԵՄ ընդլայնման և բարիդրացիության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիին երկուշաբթի օրը ասել է, որ Անկարան Եվրամիությունից ավելի արդար և խելամիտ վերաբերմունք է ակնկալում, ինչպես նաև պարզեցված վիզային ռեժիմի արագացում:
Թեկնածու երկրի կարգավիճակը և բանակցությունների մեկնարկը դեռ չեն նշանակում, որ երկիրն անպայման կանդամակցի Եվրամիությանը, Բրյուսելին ևս այդ քայլերը ոչինչ չեն պարտավորեցնում։ Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին անդամակցելու բավական երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, իսկ 2005 թվականից ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ է «վարում»։ Հյուսիսային Մակեդոնիան թեկնածու է 2005 թվականից, Չեռնոգորիան՝ 2010 թվականից, իսկ Սերբիան՝ 2012 թվականից: Այս պահի դրությամբ վերջինը ԵՄ-ին անդամակցել է Խորվաթիան՝ 2013 թվականին, գործընթացը տևել է 10 տարի։