ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստը։
Օրակարգում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մոդելային օրենքների նախապատրաստմանը վերաբերող հարցերը:
Երեկ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ունեցել խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավար գործընկերների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում անցկացվող նիստերին, ինչի մասին Վոլոդինին տեղեկացրել էր պաշտոնական նամակով:
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ նիստերը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել կազմակերպության գագաթնաժողովին, որը կայացել էր Մինսկում: