ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջիկայում շատ տրամաբանական սցենար կլինեին իշխանության շահերի տեսանկյունից։ Նման կարծիք է հայտնել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փորձագետը չբացառեց 2024 թվականին նման հնարավորությունը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ պարբերաբար նոր ընտրությունների մասին «արտանետումները» գալիս են մերձիշխանական աղբյուրներից։
Նրա խոսքով՝ իշխանությունն ինքը է ներքին սոցհարցումներ իրականացնում և տեսնում, որ լավագույն դեպքում Փաշինյանի վարկանիշը, իսկ դա ընդհանուր առմամբ թիմի վարկանիշի 99 տոկոսն է, կա՛մ լճանում է, կա՛մ անընդհատ ընկնում: Վերջին հրապարակային և ոչ հրապարակային հարցումները ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը 15-20 տոկոսի սահմաններում է։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը հասկանում է, որ կարող է պահը բաց թողնել ներկայիս նվազման միտման պահպանման դեպքում։
Հակոբյանի կարծիքով՝ իշխանության մեջ, թերևս, այսպես են մտածում՝ եթե հիմա կարող են նվազագույն շեմը հաղթահարել ցածր մասնակցության հաշվին, ինչպես մայրաքաղաքի ընտրությունների դեպքում, ապա վաղը-մյուս օրը այդ շանսը կարող է այլևս չլինել։ Նույնիսկ եթե մասնակցությունը լինի 40-45 տոկոս, ինչը փորձագետը ընդհանուր ապատիայի պայմաններում վատ ցուցանիշ չի համարում, ապա դա լավ հնարավորություն է իշխանության վերարտադրության համար։
Միաժամանակ ցածր վարկանիշ ունի նաև ընդդիմությունը՝ այն տատանվում է 3-6 տոկոսի սահմաններում։ Այս պայմաններում ներկայիս «տիտղոսային», այսինքն՝ խորհրդարանական ընդդիմության կառուցվածքի պայմաններում արտահերթ ընտրությունների դեպքում դրա շանսերը նվազագույն են լինելու։
Արտահերթ ընտրություններ հայտարարվելու դեպքում ընդդիմությունը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ակտիվացնել փողոցային պայքարը, որ լրացուցիչ ծավալի ընտրազանգվածի աջակցություն ստանա, կա՛մ հայտարարել, որ ընտրությունների միջոցով երկրում իշխանափոխություն հնարավոր չէ և հրաժարվել դրանց մասնակցելուց։
Ընդդիմության մերժումը կհանգեցնի այն բանին, որ այդ տեղըկլցնեն ֆորմալ առումով ընդդիմադիր, բայց իրականում իշխանամետ ուժերը, այդ թվում՝ արևմտամետները։ Հակոբյանը նշում է, որ նկատվող ռուսատյացության պայմաններում արևմտամետ հատվածը բավականին մեծ շանսեր ունի ընտրությունների դեպքում խորհրդարան անցնելու։
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել նաև դրսի «հուշումով»: Եթե իշխանությունը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը, ապա տրամաբանական է ենթադրել, որ այդ փոփոխության մոդերատորներին այս իշխանության լեգիտիմության բարձր մակարդակ է պետք։