Արցախից տեղահանվածները ևս 3 ամիս անվճար կօգտվեն էլեկտրագնացքներից

Էլեկտրագնացք
Շուրջ երեք ամսում ակցիայից օգտվել է 3200 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ևս երեք ամսով երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ակցիայից կարող են օգտվել նրանք, ովքեր Հայաստան են տեղափոխվել սեպտեմբերի 25-ից հետո։
Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Արաքս-Երևան-Արաքս և Երասխ-Երևան-Երասխ ուղերթ իրականացնող էլեկտրագնացքներին։
Ակցիան մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին ու պետք է ավարտվեր հունվարի 1-ին։ Շուրջ 3 ամսվա ընթացքում ակցիայից օգտվել է 3200 քաղաքացի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։