«Այդ թիվը լսելուց հետո բոլորդ լավ կզգաք». փոխնախարարը` ԶՊՄԿ–ից ստացած եկամտի մասին

Հովհաննես Հարությունյան
Կառավարությունն առաջին անգամ ուղիղ եկամուտ է ստանալու հանքարդյունաբերող կազմակերպությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը բավական շոշափելի եկամուտ է ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը` չցանկանալով բարձրաձայնել գումարի չափը։
«Մոտ օրերս պետք է ֆինանսների նախարարությունից ստանանք այդ եզրակացությունը, դրա համար չեմ ցանկանա այս պահին թիվ բարձրաձայնել։ Բայց բավականին շոշափելի գումար է, և կարծում եմ` բոլորդ այդ թիվը լսելուց հետո բավականին լավ կզգաք, որովհետև կառավարությունն առաջին անգամ այս տարիների ընթացքում ուղիղ եկամուտ կստանա հանքարդյունաբերող կազմակերպությունից»,– ասաց Հարությունյանը։
Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի. 300 աշխատակից արդեն կրճատվել է
Հիշեցնենք՝ 2021 թ․ աշնանը ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետեր դարձավ ռուսական «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խումբը, որը Հայաստանում կառավարում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային և Սոթքի ոսկու հանքավայրը (վերջինս ժամանակավորապես չի գործում)։ Զանգեզուրի կոմբինատի մեծամասնական բաժնետեր դառնալուց հետո ընկերությունը, ի նշան կառավարության հետ ռազմավարական համագործակցության, վերջինիս փոխանցեց բաժնետոմսերի 15%-ը (2022-ի օգոստոսին մեկ այլ բաժնետեր «AMP Holding»-ը կառավարությանը փոխանցեց ընդհանուր բաժնետոմսերի ևս 6,875%-ը)։
ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի իր բաժնեմասը. փոխնախարար