Անձնագրում կլոր կնիքի պահանջը վերացնելը արդարացված որոշում է.Հովհաննես Քոչարյան

Sputnik
Հայաստանի քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականացման կլոր կնիքի պահանջը հունվարի 1-ից այլևս չի գործելու։ Նշված փոփոխությունների մասին արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։ Չնայած դրան, ներքին գործերի նախարարությունից զգուշացնում են, որ գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։ ԱԳՆ-ից հայտնում են, որ նման դեպքերում Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել արտգործնախարարության պաշտոնական կայքի հղումներից` որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց։
Ի դեպ, քիչ չեն այն քաղաքացիները, որոնք հերթերից ու քաշքշուներից խուսափելու համար մի քանի տարվա համար հազարավոր դրամներ են վճարել կլոր կնիքի համար ու տարակուսած են, հնարավո՞ր է արդյոք, որ պետությունը փոխհատուցի այդ գումարները։ Անձնագրային ու վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ կլոր կնիքը հանելու որոշումն արդարացված է։