Հայաստանյան շուկայում այդ որոշումը որևէ ազդեցություն չի ունենա.Սերգեյ Ստեփանյան

Sputnik
Երրորդ երկրներից առանց մաքսատուրքի ՌԴ ձու ներկրելու որոշումը ձվի արտադրության ու վաճառքի հայաստանյան շուկայի վրա որևէ ազդեցություն չի ունենա, Sputnik Արենիայի հետ զրույցում կանխատեսել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։ «Մեզ մոտ այդ որոշումը որևէ ազդեցություն չի ունենա, որովհետև մեր տեղական արտադրանքը լիովին բավարարում է մեր ներքին պահանջարկը։ Իսկ վերաարտահանումը` ձվի և թարմ մսի արգելված է ԵԱՏՄ կանոնակարգերով»,-ասաց մեր զրուցակիցը։
Բացի այդ, երրորդ երկրներից ձվի վերաարտահանումը նաև տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ Իրանն ու Թուրքիան արդեն իսկ հնարավորություն են ստացել իրենց արտադրանքն ավելի կարճ լոգիստիկայով ու ավելի էժան գնով ՌԴ շուկա արտահաելու։ Իսկ հայաստանյան ֆերմաների արտադրական ծավալները չափազանց փոքր են ռուսաստանյան շուկայի դեֆիցիտը բավարարելու համար։ Փոխարենը այդ առաքելությունը հանձն են առել թուքական արտադրողները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է զրոյացնել երրորդ երկրներից Ռուսաստան ձվի ներկրման մաքսատուրքերը: Արտոնությունը կգործի 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը` 1,2 մլրդ հատի սահմաններում։