ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթի հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա արգելանք է կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գործի նախաքննությունն ավարտվել է։ Պարզվել է, որ նախկին պաշտոնյան օտարման ոչ ենթակա, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք է օտարել, որոնց կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:
Այնուհետև կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, և դրանց հիման վրա հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների և անձանց սեփականության իրավունքը։
Մեղադրանք է առաջադրվել նաև նրա եղբորը, որդուն և երկու մերձավոր ազգականի, որոնցից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, որ իրավապահների տվյալներով` Վարդան Ղուկասյանը վերոնշյալ անշարժ գույքերն օտարել է 1999-2012 թվականներին համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Մ.–ի, քաղաքաշինության բաժնի պետեր Հ.Կ.-ի և Ռ.Հ.-ի օժանդակությամբ։