ՍԱՏՄ–ն ՀՀ 93 կետերում ուսումնասիրել է սպանդանոցային ծագման մսեղիքն ու խախտումներ չի գտել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամանորյա տոներին ընդառաջ մշտադիտարկում է իրականացրել իրացման 93 կետերում և խախտումներ չի հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16–ին և 17–ին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները մշտադիտարկել են Երևանի 35, ինչպես նաև մարզային (Կոտայք, Արարատ, Տավուշ, Շիրակ, Վայոց Ձոր) 58 իրացման խոշոր ցանցերի՝ սուպերմարկետների, միս–մսեղիքի իրացման կետերը:
Հիշեցնենք, որ միս–մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական «Ձև 5» վկայականով, միսը պետք է նույնականացվի (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և «Ձև 5» վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան–ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինեն տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի «Ձև 5» վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։
Արգելվել է սննդամթերքի որոշ տեսակների ներմուծումը Հայաստան. ՍԱՏՄ
ՍԱՏՄ–ից տնտեսվարողներին և սպառողներին հորդորում են լինել հետևողական, վաճառել և գնել միայն սպանդանոցային ծագման մսեղիք, իսկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՀՀ տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։