«Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել». նախարարը` ռուսական ալիքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը վստահեցնում է, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների շուրջ ծավալվող իրադարձություններին ու ռուսական կողմի հետ բանակցություններին։
Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում․ ԲՏԱ նախարար
Նախարարի խոսքով` ռուսական կողմի հետ հանդիպմանն անդրադարձել են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներում եղած խախտումներին։
«Նույնիսկ կարիք չի եղել փաստեր ներկայացնելու, մենք ընդամենն ասել ենք, որ խախտումներ են եղել, եկեք դետալային չքննարկենք, և ընդունվել է, որ խախտումներ եղել են»,– ընդգծեց նա՝ նշելով, որ բանակցային պրոցեսի մասին այլ մանրամասներ չի ասի։
Նրա խոսքով՝ կոնսուլտացիաների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, որի մեջ արձանագրված է այդ ամենը։
Խաչատրյանը վստահեցրեց, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ։
Ըստ նրա` կոնսուլտացիաների ընթացքից էին կախված հետագա հարաբերությունները։
«Եթե մեր գործընկերները նշում են, որ քայլեր կձեռնարկեն, որ ապահովեն համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանումը, մենք էլ ակնկալում ենք, որ նման հաղորդումներ եթեր չեն հեռարձակվի»,– հայտարարեց ԲՏԱ նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն իր հերթին արձագանքել էր, թե Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։