Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին

Հանդիպմանը ՀՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ։
Մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ ԼՂ–ի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասի կայունությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների հետ փոխգործակցության շուրջ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ