ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մասիսում պետական սեփականություն հանդիսացող ավազ է արդյունահանվել` առանց ընդերքն օգտագործելու թույլտվության։ Դատախազը դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, Ս.Մ.-ի, Լ.Պ.-ի և Զ.Ս.-ի օժանդակությամբ, արդյունահանվել է պետական սեփականություն հանդիսացող, մոտ 350 խմ ծավալով օգտակար հանածո՝ ավազ:
«Ա.Ա.-ն արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուրը՝ 3 մլն 150 հազար դրամով իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը չվճարելով 5 մլն դրամը գերազանցող պետական տուրքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախնական հաշվարկով` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ մոտ 5 մլն 500 հազար դրամի չափով:
Դեկտեմբերի 16-ին «Էլ-Ար Շինե» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 5 մլն 500 հազար դրամ վնասը: