ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանից Հայաստան մանդարին ներկրող առևտրականները ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ահազանգել են, որ հայկական անցակետում իրենց թույլ չեն տալիս սահմանն անցնել ՀՀ–ից տարած ստվարաթղթե արկղերով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) էլ վստահեցնում են` խնդիրը մեկ անձի դեպքում է եղել ու փայտե արկղերի պատճառով։
Դանիելյանը խնդրի մասին բարձրաձայնել էր սոցցանցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ իր հետ շատ առևտրականներ են կապ հաստատել, անգամ հանդիպել են ու իրենց բողոքի ձայնը բարձրացրել։
«Արդեն մի քանի օր է` հայ առևտրականները խնդիրներ են ունենում սահմանային անցակետի մոտ` դեպի Վրաստան գնալու ճանապարհին։ Մանդարին ներկրողներին թույլ չեն տալիս, որ Հայաստանից արկղեր տանեն վրացական կողմ, ապրանքն արկղերում դասավորեն ու բերեն այստեղ։ Նրանց ասում են, որ Վրաստանում ամեն անգամ պետք է արկղեր գնեն ու դրանցով բերեն մանդարինը»,– ասաց Դանիելյանը։
Առևտրականները պատգամավորին ասել են նաև, որ այդ խոչընդոտի հետևանքով իրենք ստիպված կլինեն մանդարինի ինքնարժեքը բարձրացնել, քանի որ մեկ արկղը միջինում մոտ 400 դրամ արժե։ Ներկրողների խոսքով` իրենք դիմել են ՍԱՏՄ, որպեսզի արկղերի` նորմերին համապատասխանող թղթերը տրամադրեն, սակայն կառույցից որևէ պատասխան չեն տվել։
Sputnik Արմենիան փորձեց խնդրի մասին զրուցել մանդարին ներկրողների հետ։ Նրանցից մեկը, որը վրացական մանդարինը բերում և վաճառում է երևանյան շուկաներից մեկում, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ու էլի շատերը այսպես կոչված «բանանի արկղերով» գնում են Բագրատաշեն, որտեղ Վրաստանից գալիս են առևտրականները, միրգը բեռնատարներով անցկացնում սահմանով ու վաճառում հայ առևտրականներին։ Նա վստահեցրեց` հատուկենտ մարդիկ են անձամբ գնում Վրաստան և այնտեղից մանդարին բերում։ Մենք չհանդիպեցինք այնպիսի ներկողի, որը նման խնդրի է բախվել։
ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենք միայն մեկ նմանատիպ դեպքի են առնչվել, և խնդիրը եղել են փայտե արկղերը, որոնք ջերմամշակում չեն անցել։
«Փայտե արկղերի դեպքում ջերմամշակումը պարտադիր է, ու դրանից հետո պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացվեն, որպեսզի թույլատրեն հատել սահմանը սնունդ ներկրելու համար։ Այդ անձը փայտե արկղերը փոխարինել է ստվարաթղթե արկղերով ու մեկնել Վրաստան։ Խնդիր կարող է լինել փայտե արկղերի մասով»,– նշեց Հարությունյանը։
Նշենք, որ որոշ խոշոր խանութներում մանդարինն արժե 500–1000 դրամ, իսկ շուկաներում և միրգ–բանջարեղենի խանութներում` 600–1300 դրամ։