ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Չնայած նրան, որ քաղաքական մակարդակում հայ-ռուսական հարաբերությունները սառել են, Երևանի և Մոսկվայի տնտեսական համագործակցության տեմպերը շարունակում են աճել։ Աննախադեպ դինամիկայի մասին են վկայում ոչ միայն վիճակագրական տվյալները, այլև Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները։ Նիստում ունեցած իր ելույթում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ մի շարք լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մասին։ Գրեթե առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով ասվեց, որ Ռուսաստանն աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Նույն նիստի ժամանակ համաձայնագիր ստորագրվեց «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ, որի շրջանակում ռուսական կողմը կզբաղվի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու աշխատանքներով։
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ Ռուսաստանը հեռատեսություն է դրսևորում Հայաստանի հետ տնտեսական կապերը չխզելով։ Մոսկվան հասկացնում է, որ Երևանի հետ հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն և ոչ այնքան այստեղ իշխանական կաբինետներում նստած մարդկանցով, որքան երկու ժողովուրդների միջև կառուցված ավանդական կապերով։ Այդ կապերը շատ ավելի խորը և հարուստ են քաղաքական միտումների ենթարկվելու համար։
Թաթուլ Մանասերյան
© Sputnik / Asatur Yesayants
Միևնույն ժամանակ փորձագետը նշում է, որ անկախ արևմտյան գործընկերներին խոստացած քաղաքական դեմարշներից ու Ռուսաստանի հետ լարվածության ստեղծումից, ՀՀ իշխանությունները հասկանում են երկրի տնտեսական զարգացման համար ՌԴ-ի, նրա շուկայի, կապիտալի և ռեսուրսների կարևորությունը։
Մանասերյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Արևմուտքում որևէ մեկը պատրաստ չէ Հայաստանին անվտանգության իրական երաշխիքներ տալ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ էներգետիկ, ո՛չ էլ ռազմական։ Ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ԱՄՆ-ն ուղիղ տեքստով ասում են դա։
«Իրականությունն այն է, որ ՀՀ ՀՆԱ-ի զգալի մասն ապահովվում է Ռուսաստանի հետ առկա տնտեսական հարաբերությունների շնորհիվ։ Այդ մասին հաճախ չի խոսվում, սակայն հայաստանյան բանկերի կեսից ավելին աշխատում են ռուսական կապիտալով։ Էլ չեմ խոսում էներգետիկ ոլորտի մասին։ Բավական է ասել, որ վառելիքը նույն Մեծամորի ԱԷԿ-ի համար Ռուսաստանից է մատակարարվում։ Իսկ ԱԷԿ-ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 42%-ը։ Սրանք միայն դրվագներ են։ Բայց չէ՞ որ կա նաև պարենային անվտանգության, հացահատիկի և բազմաթիվ առանցքային ապրանքների մատակարարման հարց, որտեղ Ռուսաստանի դերն անհնար է գերագնահատել», - ասում է Մանասերյանը։
Մեր զրուցակիցն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ արևմտյան երկրները, ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով, այս կամ այն կերպ շարունակում են աշխատել նրա հետ, իսկ արևմտյան ընկերությունները շարունակում են մնալ ռուսական շուկայում։
«Այն իրավիճակում, երբ ռուսական շուկան պահպանում է իր գրավչությունը նույնիսկ արևմտյան ընկերությունների համար, հարց է առաջանում` ինչպես և ինչու Հայաստանը պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից, առավել ևս այն դեպքում, երբ արժանի այլընտրանք չկա։ Իհարկե, պետք է նոր կապեր ստեղծել, դիվերսիֆիկացնել այդ կապերը, զարգացնել համագործակցությունը նույն արևմտյան տնտեսական կառույցների, Չինաստանի, արաբական աշխարհի հետ։ Սակայն հրաժարվել տարիներով կառուցված սխեմաներից և շղթաներից, հավասարազոր կլիներ ինքնասպանության», - համոզված է Մանասերյանը։
Մասնագետի կարծիքով՝ տնտեսական իրավիճակից և ցուցանիշներից է մեծամասամբ կախված ՀՀ ղեկավարության քաղաքական գոյությունը։ Վաղ թե ուշ իշխանությունները ստիպված կլինեն հաշիվ տալ իրենց ընտրողներին, ցույց տալ նրանց՝ ինչ է արվում տնտեսական զարգացման համար։ Իսկ այդ հարաբերությունների կորիզը ՌԴ-ի հետ հարաբերություններն են։ Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ ՀՀ ղեկավարության կամ իշխանական շրջանակներին մոտ կանգնածներից առանձին դեմքեր, ելնելով այդ թվում անձնական և ֆինանսական շահերից, չեն շարունակի տորպեդահարել Ռուսաստանի հետ արվող այս կամ այն նախաձեռնությունը։ Շարունակելու են հնչել նաև ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը, այդ թեմայով տարատեսակ «լսումներ» և համաժողովներ են անցկացվելու։