Իրաքում վերջին 10 տարում առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Բաղդադը. Արխիվային լուսանկար
Իրաքի 18 նահանգներից քվեարկում են միայն 15 նահանգների բնակիչները, քանի որ ինքնավար Իրաքյան Քրդստանի մեջ մտնող երեք գավառներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Իրաքում այսօր վերջին տասը տարում առաջին անգամ սկսվել է մարզային խորհուրդների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համընդհանուր քվեարկությունը: Այս մասին հայտնում է Իրաքի IRNA լրատվական գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ մայրաքաղաք Բաղդադում և մարզերում ավելի քան 35,5 հազար ընտրատեղամասեր իրենց դռներն են բացել ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ավելի քան 16 միլիոն ընտրողների առջև: Իրաքի 18 նահանգներից քվեարկում են միայն 15 նահանգների բնակիչները, քանի որ ինքնավար Իրաքյան Քրդստանի մեջ մտնող երեք գավառներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացնում:
Մյուս նահանգների խորհուրդներում տեղերին հավակնում է 5,9 հազար թեկնածու, այդ թվում՝ 1,6 հազար կին, նրանք պայքարում են 39 քաղաքական դաշինքների և 29 կուսակցությունների շրջանակներում՝ մարզային խորհուրդներում 285 տեղի համար: Տեղի դիտորդները սպասում են իրանամետ շիա կուսակցությունների թեկնածուների հաղթանակին։