ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղության օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` խաղաղությունը մեր տարածաշրջանում հաստատված չէ, այդ օրակարգն իրականացված, իրագործված չէ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳՆ–ում կազմակերպված հանդիպման ժամանակ
«Մենք, ինչպես արդեն ասվել է բազմիցս, շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն»,– հայտարարել է Փաշինյանը:
Անդրադառնալով դիվանագիտական ծառայությանը` նա նշել է, որ վերջին տարիներին որոշ ուղղություններով շոշափելի փոփոխություններ են արվել դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու համար:
«Արտաքին քաղաքական որոշումները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահերի հետ, և ակնհայտորեն այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի պետական շահերից»,– ընդգծել է ՀՀ վարչապետը:
Ըստ նրա` ինչպես մնացած բոլոր դեպքերում, այստեղ ևս գործողությունների տրամաբանությունը և որոշումների կայացումը միակողմանի չէ, և բոլոր դեպքերում մեր ձգտումն է ունենալ բնականոն, հավասարակշռված հարաբերություններ, որտեղ երկրների շահերը և հետաքրքրությունները փոխադարձաբար հաշվի են առնված:
Այս առումով, Փաշինյանի խոսքով, 2023 թ–ին ՀՀ իշխանությունները շատ ակտիվ համագործակցություն են ունեցել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։