Հայաստանը զարգացնում է կապերը Աֆրիկայի հետ. ի՞նչ են Երևանին առաջարկում մայրցամաքի երկրները

Ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր աֆրիկյան երկրներին։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ։
Sputnik
Հայաստանն Աֆրիկայի երկրների հետ կարող է զարգացնել համագործակցությունը լոգիստիկայի ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանում առկա առևտրային խոչընդոտների պայմաններում մոտեցումների փոխանակում իրականացնել` կապված ապրանքաշրջանառության ընդլայնման հետ։ Այդ առումով դրական դեր կարող էր խաղալ Հայաստանի և Աֆրիկայի պետությունների միջև ուղիղ ավիաչվերթերի հաստատումը։
Դրանում համոզված են աֆրիկյան մայրցամաքի մի շարք երկրների նախարարները, որոնց հետ մենք զրուցել ենք։
Զիմբաբվեի տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ֆելիքս Տապիվա Մհոնան Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ առաջին անգամ է Հայաստանում և Հարարեից Երևան թռիչքը տևել է 48 ժամ։ Նա կարծում է, որ ուղիղ չվերթերը թույլ կտան մերձեցնել երկու երկրների ժողովուրդներին և ընդլայնել համագործակցությունը։
Զիմբաբվեի տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ֆելիքս Տապիվա Մհոնա
Մհոնան արդեն հանդիպել է իր հայ գործընկեր Գնել Սանոսյանի հետ։ Նա կարծում է, որ Երևանն ու Հարարեն կարող են համագործակցություն հաստատել մի շարք ոլորտներում՝ զբոսաշրջության, տրանսպորտի, «Չոր նավահանգիստ» մեծածավալ լոգիստիկ նախագծի իրագործման հարցում։
«Մեզ անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի պես երկրների հետ, որն իր տարածքում նախատեսում է «Չոր նավահանգիստ» ստեղծել։ Երևանում մենք նաև գաղափարների փոխանակում ենք իրականացնում, և, ամենակարևորը, փորձում ենք հասկանալ` ինչպես կարող ենք ներգրավել մեր ունեցած ռեսուրսները», -ասաց նա։
Այսօր Զիմբաբվեի իշխանությունները լուծում են լոգիստիկայի հետ կապված խնդիրները՝ տրանսպորտային նոր հանգույցներ ստեղծելով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ելքով դեպի միջազգային շուկաներ։

Ինչո՞վ է գրավիչ Հայաստանը

Հայաստանի գեղատեսիլ վայրերը, պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանումն ու արդյունաբերական արտադրությունը։ Սրանք այն ոլորտներն են, որոնցում Մալավին հետաքրքրված է համագործակցել։ Այդ երկրի զբոսաշրջության նախարար Վերա Կամտուկուլեն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տպավորված է Երևանով, քաղաքի շենքերով, որոնցում ամփոփված է պատմությունը։
Մալավիի զբոսաշրջության նախարար Վերա Կամտուկուլե
«Մենք ակտիվորեն աշխատում ենք գյուղատնտեսության, զբոսաշրջության և հանքարդյունաբերության զարգացման վրա։ Այդ ոլորտներում կարող էինք ընդօրինակել Հայաստանի փորձը և շատ բան սովորել ձեր երկրից։ Հուսով եմ` վերջին անգամը չէ, որ ձեզ մոտ եմ», - ասաց Կամտուկուլեն։
Նրա խոսքով՝ Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում որակյալ սարքավորումներ է կիրառում, ինչում հետ է իրենց երկիրը։ Մալավին իր առաջ խնդիր է դնում ստեղծելու մեծ ֆերմաներ ցորենի, եգիպտացորենի, ծխախոտի աճեցման համար, սակայն այդ ամենի համար համապատասխան գործիքակազմ է պետք։
Դեպի ծով ելք չունեցող երկրների համար տրանսպորտային կապի խնդիրը լուրջ է. Միրզոյան
Հայաստանին, իր հերթին, կարող է հետաքրքրել առևտրային խոչընդոտները հաղթահարելու Մալավիի փորձը` հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքն ու դեպի ծով ելք չունենալու հանգամանքը։
«Ներկայում մենք լուծում ենք տարածաշրջանի ներսում ինտեգրման, ինչպես նաև Տանզանիայի նման հարևան երկրների հետ համագործակցության հաստատման հարցերը, երկաթուղային նախագծեր ենք իրականացնում Զամբիայի, Մոզամբիկի հետ», - ասաց Կամտուկուլեն։
Նախարարը նշեց, որ իրենց երկիրը ևս 2022 թվականից ակտիվորեն սկսել է զբաղվել զբոսաշրջության զարգացմամբ։ Կամտուկուլեն պարզաբանեց, որ Մալավին հաճախ շփոթում են Մալիի հետ։ Նա կարծում է, որ տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի զբոսաշարջիկներին Մալավին կարող է հետաքրքրել իր գեղատեսիլ բնությամբ։
ՄԱԿ–ը հորդորում է զարգացնել տրանսպորտային ոլորտը դեպի ծով ելք չունեցողներին օգնելու համար
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը Երևանում մասնակցում էին պատվիրակություններ ավելի քան 35 երկրներից, այդ թվում Աֆրիկայից։