Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը խոսել է անձնակազմի ընդլայնման առավելությունների մասին

Անձնակազմի թվի ավելացումը, ըստ Ռիտերի, ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների թվի ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կտա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դիտարկման համար։ Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգության հաստատման գործում։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություններ իրականացնել տեղում: Արդյունքում այն ավելի շատ հնարավորություններ կունենա դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստելու հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը», - ասել է Ռիտերը։
Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց օպերատիվ բազաներից: ԵՄ նոր և երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։
ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում
Որպես խնդիր նշվում է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության ամրապնդումը, տեղերում վստահության մթնոլորտի ձեւավորումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող պայմանների ապահովումը: