ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիությունն Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը, որը նաև արգելք է սահմանում ռուսական ալմաստների ներմուծման վրա։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը։
«Ուկրաինայի դեմ ՌԴ –ի շարունակվող ագրեսիվ պատերազմի պատճառով խորհուրդն այսօր ընդունեց տնտեսական և անհատական սահմանափակումների 12-րդ փաթեթը», - ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նոր միջոցներն ուղղված են ՌԴ տնտեսության թանկարժեք ոլորտներին և կդժվարացնեն ԵՄ պատժամիջոցների շրջանցումը։
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կարող է հաղթահարել պատժամիջոցային ճնշումները, որոնք Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի նկատմամբ մի քանի տարի առաջ և շարունակում է խստացնել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ հեռանկարն է, պատժամիջոցներն էլ լրջորեն հարվածել են ամբողջ համաշխարհային տնտեսությանը։