ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Կատարը Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկն է արաբական աշխարհում և Ծոցի տարածաշրջանում: Նշված է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով:
Նա ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կատարի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները։
«Տպավորված ենք Կատարի ձեռքբերումներով ու նորարարական մոտեցումներով և պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը»,- շեշտված է ուղերձում։
Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի հյուրընկալելու Կատարի շեյխին Հայաստանում:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին: 2019թ. Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Դոհայում։ Վերջին շրջանում ակտիվացել են Կատարի հետ կապերը։
Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Կատար էր մեկնել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Անդրադարձ էր արվել հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը: