ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, այն վերջինը կլինի․ Սպիտակ տուն

Առանց նոր միջոցներ հատկացնելու մասին ԱՄՆ Կոնգրեսի որոշման Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն դեկտեմբերի վերջին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը վերջինը կլինի Կիևին աջակցելու համար ռեսուրսների սպառման պատճառով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին ավանդական ճեպազրույցի ժամանակ, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռ ծրագրում ենք այս ամսվա վերջին Ուկրաինային օգնության մեկ փաթեթ տրամադրել», - ասել է նա լրագրողներին:
Սպիտակ տան ներկայացուցիչն ավելացրել է, որ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր միջոցներ հատկացնելու որոշման, Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար:
Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա դրանց վրա։