Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա արգելանք է կիրառվել

Գլխավոր դատախազություն
Այգեպատի ղեկավարը կենցաղի տունը վաճառել է աներոջը, նա էլ` դստերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա արգելանք է կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Այգեպատ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նշվում էր, որ Ս.Պ.–ն (2005 թվականից զբաղեցնում է Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, այժմ լիազորությունները դադարեցված են) համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը 2012 թ.-ին շուկայականից էականորեն ցածր գնով վաճառել է իր աներոջը, որն էլ տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ Ս.Պ.–ի կնոջը:
Կեղծ արձանագրության հիման վրա՝ կենցաղի տան շենքն օրենքի խախտմամբ դրվել է աճուրդի. 7 մլն 210 հազար դրամ շուկայական արժեք ունեցող շենքի օտարման մեկնարկային գին է սահմանվել 2 մլն 570 հազար դրամը։
Ս.Պ.–ի նկատմամբ հնարային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հրապարակային սակարկությունների կարգը չարամտորեն խախտելու և փողերի լվացման հոդվածներով։
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա, արգելանք է կիրառվել: