Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Պատճառը եղանակային պայմաններն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնել է նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է:
Երեկ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետի մոտ սպասում են ավելի քան 2,8 հազար բեռնատար, որոնցից 1300–ը հայկական են։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է