Վայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. պարեկն այրվածքներ է ստացել

Վայքի ավտովթարի հետևանքները
Ըստ նախնական տեղեկությունների` ավտովթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վայոց Ձորում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվածքներ է ստացել վարորդը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վիրավորը աշխատում է պարեկային ծառայության Վայոց Ձորի ՊԾ վաշտում՝ որպես ավագ պարեկ:
Տեղեկացվում է, որ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ Գևորգ Գևորգյանի վարած Range Rover և Վայոց Ձորի մարզի բնակիչ Գեղամ Հովակիմյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Վայքի ավտովթարի հետևանքները
Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, Range Rover-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։
Գեղամ Հովակիմյանը տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել ու տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը, սակայն այն ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։