ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, խնդիրներ երկու երկրների հարաբերություններում չեն եղել, սակայն ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո դրանք կհայտնվեն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ընթացքում։ Լրագրող Պավել Զարուբինը տեսանյութը հրապարակել է Telegram-յան ալիքում։
«Բռնեցին, ՆԱՏՕ քաշ տվեցին Ֆինլանդիային։ Ի՞նչ է, մենք Ֆինլանդիայի հետ որևէ վեճ ենք ունեցել։ Բոլոր վեճերը, այդ թվում և տարածքային բնույթի, 20-րդ դարի կեսերին վաղուց լուծվել էին։ Մենք ամենաբարի, ամենաջերմ հարաբերություններն ունեինք», - ասել է ՌԴ առաջնորդը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պուտինը նշել է, որ որոշ խնդիրներ կային անտառտնտեսության ոլորտում ՝ կապված երկրի ներսում անտառամշակման զարգացման անհրաժեշտության հետ։
«Ու վերջ։ Դա մանրուք էր իրականում։ Խնդիրներ չկային, հիմա կլինեն։ Որովհետև մենք հիմա այնտեղ Լենինգրադյան ռազմական օկրուգ ենք ստեղծելու և այնտեղ որոշակի զինվորական ստորաբաժանումներ կենտրոնացնելու։ Ինչի՞ համար է դա պետք իրենց։ Անհեթեթություն է ուղղակի», - ասել է ՌԴ նախագահը։
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի հայտը մինչ օրս չի ստացել Հունգարիայի և Թուրքիայի հավանությունը։