ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված չէ հացահատիկային գործարքը շարունակելու հարցում։ Չնայած հացահատիկի գործարքի կրճատմանը` հացահատիկի արտահանման ծավալները չեն նվազել, դեռ մի փոքր էլ աճել են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը։
«Դեկտեմբերի կեսերի տվյալներով` գյուղատնտեսական այս տարվա ընթացքում արտահանվել է ավելի քան 30 մլն տոննա հացահատիկ, սա ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», - ասել է Պատրուշևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռված է հացահատիկային գործարքի բանակցությունների վերսկսմամբ։
Նախարարը նշել է, որ մեծամասամբ դա քաղաքական որոշում է, սակայն Ռուսաստանը կշարունակի արտահանել իր հացահատիկը, քանի որ ունի իր գնորդը։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված համատեղ համակարգող կենտրոնը։