Վերին Լարսի ճանապարհին ավելի քան 2800 բեռնատար է սպասում իր հերթին. քանի՞սն են հայկական

Վերին Լարս տանող ճանապարհին
Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին ավելի քան 2,8 հազար բեռնատար կա Վերին Լարսի անցակետի մոտ, որը փակվել էր եղանակային պայմանների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։
«Անցակետի ռուսական կողմում 2 854 բեռնատար է սպասում իր հերթին»,– ասված է հաղորդագրությունում։
ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հերթում գտնվող տրանսպորտային միջոցներից շուրջ 1300–ը հայկական բեռնատարներ են։
«Մոտ 1000 բեռնատար ունենք ՌԴ-ից ՀՀ եկող, շուրջ 300 էլ` ՀՀ-ից ՌԴ գնացող»,– նշեց նա:
Նշվում է, որ միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է դեկտեմբերի 13-ի ցերեկը։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում: