Ստամբուլում վարձով տներն ավելի թանկ են, քան Մանհեթենում. Թուրքիայի ԿԲ ղեկավար

Ստամբուլ
Թուրքիայի կենտրոնական բանկն ավելի վաղ հայտարարել էր, որ անշարժ գույքի գները երկրում 2022 թվականի սեպտեմբերից մինչև ընթացիկ տարվա հուլիս աճել են ավելի քան 89%-ով, մի շարք շրջաններում՝ մինչև 130%–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Հաֆիզե Գայե Էրքանը դժգոհել է Ստամբուլում անշարժ գույքի վարձակալության բարձր գներից։
«Hürriyet» թերթին տված հարցազրույցում Էրքանը նշել է, որ Թուրքիայում բնակարանների վարձակալության գները սկսել են աստիճանաբար նվազել, սակայն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ հավասարակշռությունը խախտվել է սոցիալական բնակարանների պակասի պատճառով:
«Պետք է լինի ոչ թե տասը բնակարան մեկ անձի համար, այլ մեկական բնակարան տասը մարդու համար․.. Ստամբուլում վարձով տներն ավելի թանկ են, քան Մանհեթենում, ինչպե՞ս դա կարող է լինել։ Մենք չկարողացանք բնակարան գտնել Ստամբուլում, դրանք չափազանց թանկ են։ Մենք հիմա ապրում ենք մեր մայրերի հետ», - հայտարարել է Էրքանը։
Թուրքիայի ԿԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ անշարժ գույքի գները երկրում 2022 թվականի սեպտեմբերից մինչև ընթացիկ տարվա հուլիս աճել են ավելի քան 89%-ով, մի շարք շրջաններում՝ մինչև 130%։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է լուծել անշարժ գույքի վարձակալության անընդհատ աճող գների խնդիրը: Իշխանությունը քննարկում է դատարկ բնակարանների սեփականատերերի համար հարկ սահմանելու տարբերակը, քանի որ մի շարք տանտերեր նախընտրում են ոչ թե հանձնել բնակարանները, այլ սպասել լիրայի փոխարժեքի կայունացմանը կամ գտնել վարձակալի, որը պատրաստ է պայմանագիր կնքել դոլարով:
Օրավարձով տան տերը պետք է կադաստրում քնի. նոր օրենք, նոր խնդիրներ