ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում ամերիկյան երկու ռազմակայաններն այսօր հրթիռակոծության են ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական աղբյուրներին:
«Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ–Հասաքա քաղաքի Ազ Զահիրիա օդանավակայանում ամերիկյան բազան հրթիռակոծվել է, հրթիռների մեծ մասն ընկել է բազայի տարածքում», - ասել է աղբյուրը:
Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ գնդակոծության տակ է հայտնվել նաև Դեր Զոր նահանգի «Օմար» նավթահանքի ամերիկյան բազան:
«Չորս հրթիռ ընկել է հանքավայրի տարածքում։ Ամբողջ շրջանում պայթյուններ են լսվել», - նշել է աղբյուրը։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերը գրեթե պարբերաբար հարվածների են ենթարկվում։ Վաշինգտոնում կարծում են, որ հարվածները հասցնում են իրանամետ խմբավորումները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները Դեր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն օկուպացիա է և պետական ծովահենություն` նավթի անթաքույց գողության նպատակով: