ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» կարող է Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները սկսել, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի։ ՏԱՍՍ–ի հետ զրույցում այս մասին ասել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը:
«Հայկական կողմի դիմումով անցյալ տարի մենք ձեռնամուխ եղանք այդ հարցի մշակմանը։ Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակահատվածում իրականացված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը»,- ասել է Լեբեդևը:
Նա նշել է, որ ՌԴ կառավարության համապատասխան հանձնարարականների, ինչպես նաև հայկական կողմից հետագա ուշադրության և հարցման դեպքում կզբաղվեն այդ խնդրով։ Միևնույն ժամանակ Լեբեդևն ընդգծել է, որ ռուսաստանցի մասնագետները գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:
«Նաիրիտ» գործարանը ԽՍՀՄ–ի տարիներին կաուչուկի արտադրությամբ էր զբաղվում։ 1989 թվականին բնապահպանական շարժման ճնշման ներքո «Նաիրիտը» փակվեց: Գործարանի տարածքում շուրջ 13 հազար տոննա վտանգավոր թափոն է մնացել: