ՌԴ–ում գնահատում են հայկական արտադրանքի որակը. Էվոյանը` գործակցության հեռանկարի մասին

Սուպերմարկետ
Ռուս–հայկական գործարար խորհրդի նախագահի տեղակալը կարծում է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի մի շարք ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական գործարար խորհրդի վերագործարկումը 2 երկրի գործարարների համար կարող է լավ հնարավորություն դառնալ համագործակցությունը զարգացնելու և իրենց բիզնեսն ընդլայնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Ռուս-հայկական գործարար խորհրդի փոխնախագահ Էդմոն Էվոյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ Ստորագրվել են նաև առցանց կրթության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության զարգացման վերաբերյալ փաստաթղթեր: Նա վստահեցրեց, որ խորհուրդն առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի հայկական ընկերությունները կարողանան մուտք գործել ռուսական շուկա, իսկ ռուսական ընկերությունները ձեռնարկություններ բացեն և աշխատատեղեր ստեղծեն Հայաստանում:
«Հայ գործարարների համար ՌԴ–ն դարձել է կարևոր շուկա։ Շուկան ազատ է և ծավալուն։ Հայկական արտադրանքը որակյալ է, և ռուս գնորդը գնահատում է դա»,– ասաց նա։
Էդմոն Էվոյան
Գործարարը վստահ է` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո հայ ձեռնարկատերերի համար աշխատանքի նոր հնարավորություններ են բացվել ռուսական շուկայում։ Խոսքը սննդամթերքի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մեքենաշինության մասին է։ Ավելին` արտասահմանյան ապրանքներից շատերն արդեն փոխարինվել են հայկականով. 4.4 մլրդ դոլարի հասած ապրանքաշրջանառությունը դրա ապացույցն է։
Դինամիկան լավն է. Մհեր Գրիգորյանը` հայ–ռուսական տնտեսական համագործակցության մասին
Ռուս–հայկական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Գեորգի Վաժինսկին կարծում է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի մի շարք ոլորտներում` գյուղատնտեսությունից մինչև էկոտուրիզմ։
«Մեծ ներուժ ունի Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը ։ Ռուսաստանում այդ ոլորտում արդեն կադրերի խնդիր կա։ Կարելի է դիտարկել ռուսական արտադրողների կողմից Հայաստանում արտադրություն հիմնելու և այն արտերկիր արտահանելու տարբերակը»,– ընդգծեց Վաժինսկին։
Գեորգի Վաժինսկի
Ռուս-հայկական գործարար խորհուրդը Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքի համագործակցության խորացման արդիական հարցերի քննարկման հարթակ է: Խորհրդի գործառույթներից է հայ գործարարների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ռուսական և հայկական պաշտոնական ու առևտրային կառույցների հետ փոխհարաբերություններում: Ռուսական կողմից գործարար խորհրդի համանախագահն է «Wildberries» ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: Խորհրդի հայկական կողմի համանախագահ է նշանակվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Շողերինա Մկրտչյանը:
Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը հասել է 90%-ի