ՌԴ ԱԳՆ-ն ցինիզմ է անվանել Էստոնիայում Sputnik Media-ի նախկին խմբագրի ձերբակալությունը

ՌԴ ԱԳՆ
Մարիա Զախարովան նշել է, որ Տալլինը ձգտում է իր արևմտյան համակարգողների համար «լավամարդ լինել» այլախոհությունը մերժելու և ռուսատյացտրամադրություններ հրահրելու միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Էստոնիայում Sputnik Media-ի նախկին խմբագիր Ալան Խանտսոմի ձերբակալությունը ցինիզմ է, արևմտյան համակարգողների բարեհաճությանն արժանանալու ցանկություն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Էստոնիայի գաղտնի ոստիկանության կողմից նման չարաշահումները ցինիզմի ևս մեկ դրսևորում են պաշտոնական Տալլինի կողմից, որն ազգային անվտանգության քողի տակ փորձում է հաշվեհարդար տեսնել անցանկալի անկախ ակտիվիստների նկատմամբ, որոնք, չնայած հատուկ ծառայությունների խիստ ճնշմանը, շարունակում են ցույց տալ, որ պատրաստ են պրագմատիկ փոխգործակցություն կառուցել մեր երկրների միջև»,- նշվում է հայտարարության մեջ։ Զախարովայի ուղերձը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ–ի կայքում։
Նրա խոսքով` հստակ երևում է, որ Տալլինը ցանկանում է արևմտյան համակարգողների բարեհաճությանն արժանանալ այլախոհությունն իսպառ վերացնելու և ռուսատյաց տրամադրություններ հրահրելու միջոցով։
«Ակնհայտ է, որ ԶԼՄ-ների բազմակարծությունը և լրագրողների օրինական իրավունքները Էստոնիայի քաղաքական վերնախավին անհանգստացնում են բացառապես Ռուսաստանի վերաբերյալ սադրիչ հորինվածքներ տարածելու առումով»,- հավելել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ ըստ առկա տվյալների` Խանտսոմը մեղադրվում է «Էստոնիայի դեմ հետախուզական գործունեության» և «Ռուսաստանի հետ կապեր պահպանելու» մեջ։
Անցյալ շաբաթ Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը բերման է ենթարկել Sputnik Media-ի նախկին խմբագիր, Էստոնիայի քաղաքացի Ալան Խանսոմին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեկտեմբերի 7-ին նրա տուն են ներխուժել անվտանգության 12 աշխատակիցներ։ «Koos» կուսակցությունը, որի անդամ է լրագրողը, հայտնել է, որ նա վաճառել էր իր բնակարանը և պատրաստվում էր տեղափոխվել Ռուսաստան։