ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժումը հայտարարել է, որ անօդաչու սարքերի միջոցով ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական Էյլաթ շրջանի թիրախների ուղղությամբ:
Ավելի վաղ եգիպտական «Al Qahera News» հեռուստաալիքը հայտնել էր, որ եգիպտական հակաօդային պաշտպանության համակարգերը Սինայի թերակղզու հարավում գտնվող Դահաբ առողջարանային քաղաքի ափերի մոտ թռչող օբյեկտ էին խոցել։
«Եմենի ռազմաօդային ուժերը օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ում էլ-Ռաշրաշ (Էյլաթ. խմբ.) տարածքում կարևոր թիրախների դեմ ռազմական գործողություն են իրականացրել անօդաչուների մեծ խմբաքանակի օգնությամբ», - գրել է հուսիթների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք` Սարիան ավելի վաղ ասել էր, որ իրենց զինված ուժերը կշարունակեն կանխել բոլոր նավերի անցումը դեպի Իսրայելի նավահանգիստներ Արաբական և Կարմիր ծովերում` բացառությամբ այն դեպքերի, երբ սննդամթերք և մարդասիրական օգնություն տեղափոխեն Գազայի հատվածի համար։