Հայտնի է` Էրդողանը ինչ հարցեր է քննարկելու Հունգարիայում

Թուրքիայի նախագահ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ է հրավիրվելու, և կողմերը նոր համաձայնագրեր են ստորագրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Անկարան և Բուդապեշտը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում առևտրաշրջանառությունը երեքից վեց միլիարդ դոլարի հասցնելու ռազմավարություն կմշակեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Էրդողանի այցի ընթացքում, բացի քաղաքական և դիվանագիտական հարցերից, սպասվում է տնտեսական հարաբերությունների քննարկում ու երկկողմ առևտրի ծավալների մեծացման ռազմավարության մշակում, որն այս տարվա 10 ամիսների ընթացքում հասել է 3,3 մլրդ դոլարի։ Նախատեղվում է հասցնել այն 6 մլրդ դոլարի», - գրում են լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Էրդողանի այցի ընթացքում կողմերը քննարկելու են նաև միջազգային հարցեր՝ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններից մինչև Գազայի հատվածում տիրող իրավիճակ:
Անցկացվելու է բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ։ Երկու երկրների նախարարները նոր համաձայնագրեր են ստորագրելու։
Հիշեցնենք` Էրդողանը Հունգարիա է մեկնելու դեկտեմբերի 18-ին։ Նա Բուդապեշտ էր մեկնել նաև օգոստոսի 20-ին և մասնակցել աթլետիկայի աշխարհի առաջնության բացմանը: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտնել էր, որ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում Հունգարիայի ու Թուրքիայի միջև արտակարգ իրավիճակներում ռազմավարական գործընկերության և փոխօգնության առաջնահերթության հաստատման մասին համաձայնագիր կստորագրվի: