ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, գերիների փոխանակումն ու խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները տարածաշրջանը չեն մոտեցնում խաղաղության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, «APRI Armenia»-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանում կայանալիք նախագահական արտահերթ ընտրությունները շատ կարևոր հանգրվան կդառնան տարածաշրջանային հետագա կոնֆիգուրացիայի ձևավորման առումով։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած վատ սցենարի։
Ընտրություններն Իլհամ Ալիևի համար ընդհանուր առմամբ մի քանի խնդիր են լուծում։ Հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, և դա երևի չափազանց մեծ ժամանակ էր Ալիևի համար։ Ըստ Մելքոնյանի` Ադրբեջանի նախագահն Արցախը զավթելու իր աշխարհաքաղաքական հաջողությունը հիմա պետք է երկրի ներսում կապիտալիզացնի։ Իսկ ընտրությունները դրա լավագույն միջոցն են։
«Ալիևն ըստ երևույթին կարծում է` որքան շատ ժամանակ անցնի սեպտեմբերյան իրադարձություններից, այնքան ադրբեջանական հասարակությունը կարող է ավելի շատ հարցեր բարձրացնել սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ բնույթի խնդիրներիշուրջ, և այդ ժամանակ Ալիևի իշխանության համար ռիսկեր կառաջանան, վերարտադրությունն ավելի դժվար կդառնա»,- նշեց մեր զրուցակիցը։
Փորձագետը չի բացառում, որ Ալիևին ընտրությունները պետք են նաև հայկական «ճակատում» հետագա քայլերի համար ներքին լեգիտիմություն ձեռք բերելու համար։ Այդ քայլերը կարող են լինել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և/կամ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի իրականացումը, որի ներքո Ադրբեջանը քողարկում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջները։
«Բաքվի տրամաբանությունը սա է` իրենց դրոշը բարձրացրել են Ստեփանակերտում և Շուշիում, հաջորդ նպատակը պետք է լինի ադրբեջանցիների «վերադարձը» Երևան, Գորիս, Սևան և այլն»,- ասում է Մելքոնյանը։
Ընտրությունները Ալիևին կօգնեն նաև արտաքին լեգիտիմություն ձեռք բերելու և վերնախավին իր շուրջը համախմբելու հարցում։ Արցախյան էթնիկ զտումներից մի քանի ամիս անց նրա վերընտրվելը և հիմնական դերակատարների կողմից նրա հաղթանակի ճանաչումը, ըստ էության, կնշանակի, որ միջազգային հանրության տեսանկյունից ոչ մի հանցավոր բան տեղի չի ունեցել Լեռնային Ղարաբաղում, իսկ Ալիևը նախկինի պես «վստահելի գործընկեր է», ինչպես սիրում են կրկնել եվրոպացիները։
Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, ապա Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ բանակցել առանց միջնորդների։ Եվ այս առումով նշանակալից իրադարձություն էր գերիների փոխանակումը, որի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց առանց միջնորդների (համենայն դեպս այդպես են ասում կողմերը)։ Բաքուն ուղիղ բանակցություններ ստիպելու համար հիմնավոր պատճառ ունի՝ այժմ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ նրա, և նա ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը։ Այս պայմաններում ավելի հեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Իսկ միջնորդների առկայությունը Հայաստանին թույլ կտա չեզոքացնել կամ գոնե ինչ-որ չափով նվազագույնի հասցնել այդ ճնշումը։ Այդ իսկ պատճառով առանց արտաքին դերակատարների միջնորդության բանակցությունները հղի են Հայաստանի կողմից է՛լ ավելի մեծ զիջումներով։
Միաժամանակ Բաքուն չի թաքցնում իր մտավախությունը, որ Հայաստանում կարող են ռևանշիստական տրամադրություններ ի հայտ գալ։ Ըստ փորձագետի՝ այդ մտավախություններն իրական հիմք ունեն։ Ադրբեջանի իշխանությունը հասկանում է, որ հենց որ հայերը պարտությունից հետո մեջքներն ուղղեն և համախմբվեն, հնարավորության դեպքում նորից զենք կվերցնեն իրենց անվտանգությունն ապահովելու և իրենց գլխին կախված գոյության սպառնալիքը չեզոքացնելու համար։ Իհարկե, Հայաստանում իշխող ուժն ամեն առիթով ասում է, որ ռևանշի չի ձգտում, բայց դա չի հանգստացնում ադրբեջանական կողմին, դա բավարար չէ։ Բաքուն ձգտում է Արցախի բոլոր պետական կառույցների լիակատար լուծարման ու բոլոր խորհրդանիշների ոչնչացման հասնել։
Ադրբեջանը նաև պնդում է, որ հայկական ընդդիմությունն ու սփյուռքը դադարեն խոսել Արցախի մասին և այլն։ Այս փուլում Հայաստանի իշխանության գործողություններն ու ադրբեջանցիների ցանկությունները գրեթե լիովին համընկնում են։