Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ համաներում է կիրառվել

ՀՀ գլխավոր դատախազություն
Հայաստանի նախկին ոստիկանապետի դուստրը վերականգնել է պետությանը պատճառված վնասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յուլյա Գասպարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, ընդ որում` ոչ թե արդարացնող հիմքով, այլ համաներմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Յուլյա Գասպարյանի պաշտպանը արագացված վարույթ կիրառելու միջնորդություն է ներկայացրել։
Յուլյա Գասպարյանն էլ, միանալով պաշտպանի ներկայացրած միջնորդությանը, հայտարարել է, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքին։
Արագացված վարույթի ընթացքում պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
«Դատարանը հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը: Դեռևս նախաքննության վաղ փուլում Յուլյա Գասպարյանը վերականգնել է պետությանը պատճառված վնասը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում էր հարուցվել 2022 թվականի նոյեմբերին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ նա նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա, բայց տարիներ շարունակ ծառայության չի ներկայացել։ Այդ ընթացքում նրան փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ), Յուլյա Գասպարյանն էլ ստացել և կանխիկացրել է այդ գումարները։