ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայ-ադրբեջանական բանակցություններում մեծ սխալ է հույսը դնել երաշխավորի ինստիտուտի կամ ինչ-որ պայմանագրերի վրա, որը կարող է հավերժ խաղաղություն ապահովել։ Հայկական կողմից նման ձևակերպումները խոսում են հայ դիվանագետների անփորձության մասին։ Այսպես է Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությունը քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը։
Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել էր, որ սխալ տպավորություն կա, որ եթե բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ապա նրանք երաշխավորն են։ Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում։
Տեսականորեն քաղաքագետը նման մեխանիզմը իրատեսական է համարում, սակայն միևնույն ժամանակ հայ–ադրբեջանական հարաբերություններում այն անհավանական է թվում, քանի որ, եթե կողմերից մեկն առաջարկում է մի մեխանիզմ, մյուս կողմի համար ևս այն պետք է ընդունելի լինի։
«Կարող է միջնորդին հայտնես, որ ցանկանում ես պայմանագրի մեջ ինչ-որ կետեր լինեն, որտեղ գրված կլինի, թե ինչ է տեղի ունենալու, երբ կողմերից մեկն իր պարտավորությունները չիրականացնի, կամ ինչ պատժամիջոցներ կարող են լինել այդ դեպքում։ Սակայն այդ առաջարկը պետք է մյուս կողմից էլ ընդունվի։ Այդ դեպքում դժվար եմ պատկերացնում` ինչ մեխանիզմ պետք է առաջարկի հայկական կողմը, որը մյուս կողմն ընդունի։ Դրա մասին խոսք էլ չկա, որ մենք տեսնենք, թե, օրինակ` վերջին անգամ հայկական կողմն ինչ փոփոխություն է առաջարկել մտցնել այդ պայմանագրի մեջ»,–ասաց Մարտիրոսյանը։
Այս պահին, քաղաքագետի խոսքով, բանակցություններն ընթանում են ֆասիլիտատորների աջակցությամբ, այսինքն` պարտադրող որևէ բան չկա այս բանակցություններում և ոչ էլ արբիտր կա, որը գա, ասի` ըստ միջազգային օրենքի կամ նորմերի ինչ լուծում պետք է լինի։ Քաղաքագետը համոզված է, որ ոչ մի կողմն այդպիսի պարտավորություն իր վրա պատրաստ էլ չէ վերցնել։
«Այդպիսի բան գոյություն չունի, ինքնախաբեությամբ են զբաղվում կամ բնակչությանն են խաբում, որ խաղաղություն կարող է այդպես հաստատվել։ Միջազգային հարաբերություններում ընդհանրապես այդպիսի բան չկա։ Փոխվում է բալանսը, իրավիճակը և պայմանագիրը չի գործում, պայմանագրերը ստորագրվում են, բայց թղթով դու չես կարող ապահովել խաղաղություն»,–հավելեց նա։
Ինչ վերաբերում է 2024 թ. հունվարին Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, թեպետ հայկական կողմից հույսերը մեծ են, սակայն քաղաքագետը կասկածում է, որ այդ հանդիպումը կկայանա։ Նա համոզված է` Ալիևն այս անգամ ևս այդ հանդիպման պայմանավորվածությունը կօգտագործի հօգուտ իրեն։
«Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, և թեպետ դա այնտեղ ֆարս է, բայց հնարավորություն է տալու Բաքվին կա՛մ չմասնակցել այդ հանդիպմանը, կա՛մ եթե մասնակցեն, ստանալու են այն, ինչ ուզում են պայմանագրով և այն, ինչ իրենց շահերից է։ Այնուհետև դա Ալիևն օգտագործելու է նախագահական արշավի ժամանակ` ցույց տալով, որ կարող է առանց պատերազմելու ամեն ինչ ստանալ հայկական կողմից։ Հիմա հարց է` որքանով է հայկական կողմը համաձայնելու այն կետերի ու պահանջարկների հետ, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնելու է»,–նշեց Մարտիրոսյանը։
Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հանուն իր հայտարարած կարմիր գծերի` ՀՀ տարածքը29.8 հազարի քմ է, պատրաստ է գնալ այն զիջումներին, որոնք պահանջում է թուրքական և ադրբեջանական կողմը, սակայն վստահ է, որ դա ո՛չ կնպաստի խաղաղության հաստատմանը, ո՛չ էլ ադրբեջանական կամ թուրքական կողմը հանգիստ թույլ կտա, որ ՀՀ–ն շարունակի զարգանալ։