Ռուսաստանը միշտ պատրաստ է երկխոսության իր դաշնակից Հայաստանի հետ. ՌԴ փոխարտգործնախարար

Միխայիլ Գալուզինի խոսքով` անհրաժեշտ է ակտիվ երկխոսություն պահպանել երկու երկրների միջև, որպեսզի միասին ազնվորեն քննարկվեն առկա խնդիրները և լուծման ուղիներ գտնվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը միշտ պատրաստ է երկխոսության իր դաշնակիցների, այդ թվում Հայաստանի հետ։ Այս մասին Մոսկվայում «Ռուսաստան-Հայաստան» համաժողովի շրջանակում Sputnik-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է արդյոք արտգործնախարարների երկկողմ հանդիպում։
«Մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է նա։
Փոխնախարարի խոսքով` բոլոր դեպքում շփումները պահպանվում են։ Երկու երկրների արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել են Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում։
Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին պետք է խոսել. Գասպարյան
Գալուզինը համոզված է, որ անհրաժեշտ է ակտիվ երկխոսություն պահպանել, որպեսզի միասին ազնվորեն քննարկվեն առկա խնդիրները և լուծման ուղիներ գտնվեն։
«Մենք կենտրոնացած ենք դրա վրա... Վստահ եմ, որ մեր հարաբերություններում այս շրջանը կհաղթահարենք»,- ասել է Գալուզինը։
Վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական նոտաներով։
ՌԴ–ՀՀ հարաբերություններում դժվարությունները հաղթահարելի են. Գալուզին