Ռուսական արտահանման կենտրոնը ներկայացուցչություն է բացել Հայաստանում

Ռուսաստանի արտահանման կենտրոն Կահիրեում
Կենտրոնի առանցքային խնդիրն է ռուսաստանյան ընկերությունների համակողմանի աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական արտահանման կենտրոնը ներկայացուցչություն է բացել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսական արտահանման կենտրոնի (ՌԱԿ) մամուլի ծառայությունը:
«Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցչության բացման արարողությունը: Արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ներկայացուցչության աշխատակիցները ռուսաստանցի արտահանողներին կմատուցեն ծառայությունների լայն շրջանակ` Հայաստանում պոտենցիալ գնորդների որոնում, բանակցությունների կազմակերպում և այլն:
Գործարարները կարող են նաև հույս դնել հայկական կոնտրագենտների հուսալիության ստուգման, ինչպես նաև իրենց բիզնես նախագծերի իրականացման վրա՝ ՌԱԿ խմբի ֆինանսական աջակցությամբ:
ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը նշել է, որ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Մոսկվայի համար միշտ առանձնակի կարևորություն է ունեցել ինչպես փոխգործակցության ավանդական ոլորտների զարգացման, այնպես էլ գործընկերության նոր ուղղությունների ընդլայնման առումով։
«ՌԱԿ-ի ներկայացուցչության բացումը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման նոր փուլ է։ Ներկայացուցչության խնդիրն է օգնել պահպանել շարունակական երկխոսությունը Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքների միջև», - ասել է նա:
Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան նշել է, որ ներկայիս աշխարհատնտեսական իրավիճակը հնարավորություն է տալիս աճի նոր կետեր գտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացման համար:
Նրա խոսքով՝ Ռուսական արտահանման կենտրոնը Հայաստանում իր ներկայացուցչության միջոցով կօգտագործի բոլոր հասանելի գործիքները, որպեսզի օգնի տեղական արտադրողներին արդյունավետ փոխգործակցություն հաստատել տեղական պոտենցիալ գործընկերների հետ, այդ թվում՝ դեպի Ռուսաստան ներմուծման շրջանակում:
Հայաստանում Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանն իր հերթին նշել է, որ կենտրոնի առանցքային խնդիրն է համակողմանի աջակցություն ցուցաբերել ռուսաստանյան ընկերություններին ապրանքներն ու ծառայությունները հայկական շուկա դուրս բերելու համար:
«Այժմ հայաստանյան մեր գործընկերները կունենան «միասնական պատուհան», որի միջոցով կարող են դիմել ռուսական մատակարարների ընտրության և գործարքի կնքման համար ֆինանսավորման ներգրավման հարցերով», – նշել է Ենոքյանը:
Ռուսաստանի արտահանման կենտրոնն ընդհանուր առմամբ 13 ներկայացուցչություն ունի տարբեր երկրներում` Հնդկաստան, Վիետնամ, Թուրքիա, Ղազախստան, Չինաստան և այլն։
ՀՀ քաղաքական վերնախավի և ՌԴ-ի նկատմամբ հասարակության դիրքորոշման միջև անջրպետ կա. Կոմլևա