ՌԴ–ՀՀ հարաբերություններում դժվարությունները հաղթահարելի են. Գալուզին

Միխայիլ Գալուզին
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների գլխավոր ուժն այն է, որ դրանց ամրապնդմանը կողմ են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուս–հայկական հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են։ Լրագրողների հետ զրույցում այս տեսակետն է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապերը:
«Դա վստահություն է ներշնչում ոչ միայն ինձ, այլև բոլորիս, որ մեր հարաբերություններում ինչ-որ ժամանակավոր դժվարությունները ոչ միայն հաղթահարելի են, այլև հաղթահարելուց հետո հնարավոր է զարգացնել մեր բազմազան կապերը»,– ասել է Գալուզինը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով` այդ կապերի ամրապնդման, զարգացման, ընդլայնման և խորացման օգտին են հանդես գալիս Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները։
«Եվ մեր հարաբերությունների գլխավոր ուժը դա է»,– նշել է պաշտոնյան:
Ինչպես բարելավել ՀՀ-ՌԴ հարաբերությունները. Միխեևան տարբերակներ է առաջարկում
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։