Միրզոյանը Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային շնորհավորել է ԵՄ որոշման կապակցությամբ

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը հայտնել է, որ եվրոպական ընտանիքի համար սա պատմական օր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին շնորհավորել է Եվրամիության վերջին որոշման կապակցությամբ։ Նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին, ինչպես նաև 3 երկրի ժողովուրդներին Եվրոպական խորհրդի նմանատիպ լուծումների կապակցությամբ։ Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի և նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»,– նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին ԵՄ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում որոշեցին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել Վրաստանին: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ ԵՄ առաջնորդները որոշել են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ: