ԼՂ-ի ժողովուրդն ամենառուսամետն էր տարածաշրջանում. hիմա դա անդառնալիորեն կորած է. արևելագետ

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին Երևանում
Վիկտոր Նադեին–Ռաևսկու կարծիքով՝ պանթուրքիզմը հավասարապես սպառնում է և՛ Հայաստանին, և Ռուսաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը համարում է աշխարհաքաղաքական կորուստ Ռուսաստանի համար: Ելույթ ունենալով Մոսկվայում կայացած «Ռուսաստան–Հայաստան» հասարակական համաժողովի ժամանակ` հայտնի փորձագետը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ողջ Հարավային Կովկասի բնակչության ամենառուսամետ մասն էր. այնտեղ ցանկացած երիտասարդ շատ լավ ռուսերեն էր խոսում։ Նրա գնահատմամբ՝ այդ ամենը կորած է, և կա մտավախություն, որ անդառնալիորեն է կորած։
Նադեին–Ռաևսկու տեսանկյունից` Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ Հայաստանը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ նրա խաղաղապահները «օտար հողում սովորական դիտորդներ դարձան»: Իր հերթին թուրք–ադրբեջանական տանդեմը շատ հմտորեն ընտրել է այն ժամանակը, երբ Ռուսաստանը գործողություններ է իրականացնում Ուկրաինայում՝ մինչև վերջ չավարտելով նախորդ պատերազմը Սիրիայում։ Փորձագետի կարծիքով` հավանաբար, ՌԴ–ն էլ ուժ չուներ ևս մեկ պատերազմ սկսելու։ Միակ բանը, որ կարող էին անել ռուս խաղաղապահները, ըստ նրա, ԼՂ հայերին տարհանելն էր, որպեսզի նրանց այնտեղ չսպանեն։
Արևելագետը նաև մտահոգություն է հայտնել պանթուրքիզմի աճող սպառնալիքի կապակցությամբ: Նա պանթուրքիզմը համարում է ծայրահեղ վտանգավոր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Նադեին–Ռաևսկին հիշեցրել է, որ ՌԴ կազմում ինքնավար հանրապետությունների կեսից ավելին բնակեցված են թուրքալեզու ժողովուրդներով, իսկ ՌԴ–ի հիմքերը խարխլելու փորձերն այնքան էլ անվնաս չեն։
«30 տարվա ընթացքում, երբ ՌԴ–ն անգործության էր մատնված, թուրքական իշխանությունն ակտիվորեն աշխատել է հետխորհրդային տարածքում։ Թուրքիան բացել է մոտ 200 կրթօջախ հետխորհրդային հանրապետություններում, այդ բուհերում սովորում են հազարավոր երիտասարդներ, որոնց այնտեղ սովորեցնում են ոչ թե ռուսական, այլ Օսմանյան պատմություն»,– նկատեց նա։
Անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություններին՝ Նադեին–Ռաևսկին ուշադրություն է հրավիրել երթուղիների անվտանգության վրա։
Նրա խոսքով` անշուշտ, ռուս սահմանապահները պետք է պահպանեն երթուղիների, բեռների և մարդկանց տեղաշարժի անվտանգությունը Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Խնդիրը հետևյալն է` քանի որ հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է նաև հայերի համար Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գնալու հնարավորություն, հարց է առաջանում` ո՞վ պետք է ապահովի նրանց անվտանգությունը։ Նադեին–Ռաևսկու կարծիքով՝ տրանսպորտային այդ հաղորդակցությունները գին չունեն, եթե դրանք չեն ապահովում Հայաստանի անվտանգ կապը Ռուսաստանի հետ։