ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ–ից գողություն են կատարել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ՀՈԱԿ–ի տնօրեն Հարություն Առաքելյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 12-ի ժամը 23։00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արցախի 4-րդ նրբանցքում գործող կենտրոնի դուռը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
«Առաքելյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է փաստաթղթեր, գումար և վառելիքի կտրոններ»,–գրում է կայքը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։