ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հասարակական կառույցների և գործարար շրջանակների երկխոսությունը թույլ կտա վերականգնել Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև շփումները: Մոսկվայում «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովի շրջանակում Sputnik գործակալության հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ հանրային պալատի քարտուղար Լիդիա Միխեևան։
«Դիվանագիտական մակարդակում հիմա բարդ հարաբերություններ են։ Սակայն այս փուլում կարևոր է պահպանել ու բազմապատկել շփումները, որոնք ձևավորվել են հասարակ քաղաքացիների, ոչ առևտրային հատվածի ներկայացուցիչների, բիզնես համայնքի միջև»,-ավելացրել է նա։
Նրա կարծիքով՝ Մոսկվայում ընթացող համաժողովը հարաբերությունների ամրապնդման մեծ ճանապարհի աստիճաններից մեկն է։ Նախաձեռնողների նպատակն է գործել ժողովրդական հանրային դիվանագիտության հունով, ակտիվացնել ուղիղ, կենդանի շփումները։
Միխեևան չի խոսել պաշտոնական հարաբերությունների սառեցման պատճառների մասին։ Ըստ նրա` այդ հարցը պետք է թողնել պատմաբաններին: Այսօր պետք է ուշադրությունը կենտրոնացնել մերձեցնող գործոնների վրա` ընդհանուր մշակույթ, ընդհանուր ավանդույթներ, իրադարձություններ:
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։