ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «Հյուսիս-հարավ» մայրուղու Աշտարակ-Թալին ճանապարհատվածի մոտ 10 կմ հատվածի երթևեկությունը կդառնա միակողմանի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ և ծանոթացել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհատվածի շինարարական աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է նոյեմբերի 13-ին։ Պատվիրատուի հանձնարարությամբ աշխատանքները սկսել են Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի՝ Ներքին Բազմաբերդ համայնքի մերձակայքից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։
Ճանապարհահատվածի մոտ 10 կմ հատվածում ամբողջությամբ իրականացվել են հողային պաստառի նախապատրաստման և ավազակոպճային ենթահիմքի տեղադրման, երկաթբետոնե ջրթող խողովակների տեղադրման, ինչպես նաև մոտ 1 կմ հատվածի երկշերտ ասֆալտապատման աշխատանքներ:
Ավարտին են մոտենում նշված հատվածի գծանշման և կահավորման աշխատանքները:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: