ՀՀ–ում տաքսու վարորդը ուղևորի հաշվեհամարից մոտ 9 մլն դրամ է հափշտակել

Տաքսի
33-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գումարը փոխանցել է իր հաշվեհամարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում տաքսու վարորդն ուղևորի բանկային հաշվեհամարից մոտ 9 մլն դրամ է փոխանցել իր հաշվեհամարին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ մասին դեկտեմբերի 11-ին հաղորդում է տվել օտարերկրյա մի քաղաքացի:
Պարզվել է, որ «Նիսան» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գ. Քոչարի փողոցից քաղաքացուն տեղափոխել է բնակության հասցե՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց և, այդ ընթացքում օգտվելով նրա ոչ սթափ լինելուց և ճանապարհին քնելու հանգամանքից, վերցրել է նրա բջջային հեռախոսը և բանկային հաշվեհամարից մոտ 9 մլն դրամ փոխանցել իր հաշվեհամարին:
Ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունը: Էջմիածնեցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Վարորդը ձերբակալվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: