ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում նոյեմբեր ամսին գնաճը շատ ավելի ցածր մակարդակի վրա է մնացել, քան Եվրասիական միության մյուս 4 երկրներում։ Այդ մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։
Վերջին 12 ամիսների գնաճը (2023-ի նոյեմբերին՝ 2022-ի նոյեմբերի համեմատ) Հայաստանում բացասական է եղել (-0,5%), մինչդեռ Բելառուսում այն կազմել է 5,4%, Ռուսաստանում՝ 7,5%, Ղրղզստանում՝ 8,1% և Ղազախստանում՝ 10,3%։
Նմանատիպ պատկեր է նկատվել նաև հոկտեմբերին. ՀՀ–ում գնաճը կազմել է 0,1 տոկոս, Բելառուսում՝ 3,7 տոկոս, Ռուսաստանում՝ 6,7 տոկոս, Ղրղզստանում ՝ 9,2 տոկոս և Ղազախստանում՝ 10,8 տոկոս:
ՀՀ–ում դեռևս գնաճի հիմնական ռիսկեր է պարունակում ծառայությունների ոլորտը։ Այստեղ պահանջարկը զգալիորեն աճել է ռելոկանտների ներհոսքի պատճառով։
2023 թ. հունվարին 12–ամսյա գնաճը ռեստորանահյուրանոցային ինդուստրիայում կազմել է 9,8 տոկոս, զբոսաշրջիկայինում՝ 18,1 տոկոս։ Նոյեմբերին ծառայությունների ոլորտում ընդհանուր գնաճը նվազել է մինչև 2,9%: Ոչ պարենային ապրանքների գնաճը նույնպես մնում է ցածր մակարդակում` 0,2%, իսկ պարենամթերքի գնաճը կազմում է -3,1%, ինչը հիմնականում պայմանավորված է համաշխարհային գներով, որոնք ընդհանուր առմամբ մնում են բարենպաստ: