ՀՀ–ում արտադրված կաթնամթերքը ո՞ր դեպքում հնարավոր կլինի կրկին արտահանել ՌԴ

Կաթնամթերք
ՍԱՏՄ մասնագետները պատրաստ են համապատասխան մասնագիտական աջակցություն տրամադրել առկա խնդիրները արագ լուծելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում արտադրված կաթնամթերքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Այս մասին ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը Հայաստանի կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում։
Ինչպես հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը, նա տնտեսվարվողներին ներկայացրել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկման արդյունքները։
Նշվում է, որ Դանկվերտի հետ քննարկվել են Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Ձեռք է բերվել համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածություն։
«Արմեն Հայրապետյանը տնտեսվարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու հորդորել է հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ամբողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայրապետյանը վստահեցրել է, որ տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են համապատասխան մասնագիտական աջակցություն տրամադրել առկա խնդիրները արագ լուծելու համար:
«Միայն արտադրությունների վստահորեն պատրաստ լինելուց հետո ՌԴ համապատասխան գերատեսչության հետ կհստակեցվեն վերահսկողություն իրականացնելու ժամկետները»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը:
Շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող. Հայրապետյանը զգուշացրել է տնտեսվարողներին
Կաթնամթերք արտադրողներն իրենց հերթին արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:
Հիշեցնենք` Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը ուժի մեջ մտավ ապրիլի 5-ից։ Մարտի 29-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցը հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում կաթնամթերք արտադրողներից մի քանիսին թույլատրվել է ՌԴ արտահանումներ անել։