ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթերը գտնվում են պատրաստվածության ամենաբարձր աստիճանի վրա։ Այդ մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Երևանում մասնակցում է ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։
Նա նշեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականացվում է ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։
«Այդ աշխատանքային խումբը հավաքագրել և մշակել է փաստաթղթեր, որոնք, ինչպես մենք կարծում ենք, այսօրվա դրությամբ գտնվում են պատրաստվածության բարձր մակարդակի վրա։ Առաջին հերթին խոսքը երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման մասին է։ Մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Ռուսաստանն այստեղ ավելի շատ միջնորդի դեր է կատարում։ Եթե կողմերը պատրաստ լինեն շարունակելու այդ աշխատանքը, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք մասնակցել դրանց»,– ընդգծեց Օվերչուկը։
Որպես դրական տեղաշարժ, Օվերչուկը մատնանշում է այն, որ կողմերը սկսել են աշխատել ուղիղ, որն ամենակարևոր արդյունքն է։
Ճշտող հարցին, թե որքա՞ն կարժենա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Օվերչուկն ասաց, որ այդ իմաստով տարբեր հաշվարկներ կան. վերջնական թվերը կլինեն տեխնիկական առաջադրանքի, նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստ լինելուց հետո։
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: